Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ՎԱՇԻՆԳՏՈՆՆ Է ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ «ՆԱՎԸ»

ՎԱՇԻՆԳՏՈՆՆ Է ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ «ՆԱՎԸ»
26.03.2010 | 00:00

2010-ի ապրիլին ԱՄՆ-ում անցկացվելիք մարդահամարի շրջանակներում տեղի իրավաբանները կոչ են անում հայերին անպայման լրացնել մարդահամարի քարտերը և նշել իրենց հայ լինելը: Ըստ ֆեդերալ (դաշնային) օրենքի, եթե որևէ բնակավայրում տվյալ էթնիկ խմբի անդամները զգալի թիվ են կազմում (մինչև 40 տոկոս), ապա իշխանությունները պարտավոր են շտապօգնության, ոստիկանության, քաղաքապետարանի (նահանգապետարանի), հրշեջ ծառայության և այլ առաջնային ծառայություններում ունենալ այդ լեզվով խոսող մարդիկ: Ավելին, իշխանությունը պարտավոր է ապահովել տվյալ էթնիկ խմբի համամասնական ներկայացվածությունը բոլոր նշված մարմիններում: Դրա համար հաշվառվում են ոչ միայն քաղաքացիները, այլև բոլոր բնակիչները, եթե նրանք մինչև իսկ անօրինական ճանապարհով են հաստատվել երկրում: Վերջիններս նույնպես հարկ են վճարում, ուստի և ունեն նույն իրավունքները: Իշխանությունները պարտավոր են ողջ տեղեկատվությունը երկրորդել նաև էթնիկ խմբի մայրենի լեզվով: Եթե էթնիկ խմբի տոկոսային հարաբերությունը բնակչության մեջ 40 տոկոսից ավելին է, իշխանությունները պարտավոր են հանրային դպրոցներում ապահովել նրանց մայրենի լեզվի ուսուցումը պետության հաշվին: Բնականաբար, մասնավոր դպրոցներն ինքնաբավ են և ազատ են տնօրինելու իրենց դասաժամերը:
2002-ին Վրաստանում անցկացված մարդահամարի տվյալներով` Սամցխե-Ջավախք նահանգ-տարածաշրջանի բնակչության ընդհանուր թիվը 207598 էր, որից հայերի թիվը 113347 էր (55 տոկոս), վրացիներինը` 89995 (43 տոկոս): Նույն 2002-ին Ծալկայի պատմական հայկական շրջանն ուներ 11484 հայ, 2510 վրացի, 4589 հույն, 1992 ադրբեջանցի և 313 այլազգի բնակչություն:
Համեմատական վերլուծությունն սկսենք վերջից: Ջավախքի բոլոր հայկական դպրոցներում մայրենի լեզվի և գրականության ուսուցումն իրականացվում է պետական ծրագրով, այդ առարկաների ուսուցիչներին վարձատրում է պետությունը (Վրաստանը): Չնայած այստեղ էլ պետք է մի նուրբ տարբերություն մատնանշել. տեսականորեն Վրաստանն ապահովում է Ջավախքի հայության մայրենի լեզվի ուսուցումը, սակայն փաստն այն է, որ գնում է ոչ մայրենի լեզվի ուսուցման ճանապարհով: Սրանք տարբեր բաներ են: Իրողությունն այն է, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հայկական դպրոցներում ուսուցումը վրացերեն դարձնելու բազմաթիվ փորձեր է արել: Այսօր էլ Վրաստանի կրթական համակարգն ընթանում է այդ ուղղությամբ` ձգտելով ուսուցվող առարկաների դասագրքերը հայերենից վերածել վրացերենի: Մյուս կողմից` ներկայիս դպրոցական դասագրքերը, որոնք հայերեն են, վաճառվում են բավականին բարձր, շատ դեպքերում` բնակչության համար անմատչելի գներով: Այս ամենին զուգահեռ` ահավոր ցածրորակ հայատառ տեքստեր են զետեղված դասագրքերում: Ինչևէ, Վրաստանի ԿԳ նախարարությունը միգուցե դասագրքերի հարցը կմեկնաբանի որպես համավրաստանյան խնդիր, սակայն ոչ մի պատճառաբանություն չի կարող հարգելի համարվել, երբ խոսքն իր հայրենիքում (Ջավախքում) ապրող բնիկ ժողովրդի (հայության) ազգապահպանման ու զարգացման խնդրին է վերաբերում: Կա հարևան-բարեկամ ՀՀ, որը մշտապես պատրաստակամ է եղել և մինչև վերջին մեկ-երկու տարին Ջավախքի, ինչպես նաև Վրաստանի բոլոր հայկական դպրոցներն ապահովում էր հայկական դասագրքերով: Վրաստանը ՀՀ-ի այս քայլն արգելեց (ներկայումս ՀՀ ԿԳ նախարարության կողմից Վրաստան ուղարկվող դասագրքերից թույլատրելի են միայն լեզվի, գրականության դասագրքերը, իսկ մնացած դասագրքերի մուտքը Վրաստան խստիվ արգելված է), և այստեղից էլ ծնվեցին մի շարք «անլուծելի» խնդիրներ:
Հաջորդ հրատապ հիմնահարցերից է հանրային գրագրության բացառապես վրաց լեզվով իրականացումը, որը գրեթե ծայրահեղ մեկուսացման է հասցրել ջավախահայությանը: Միջազգային իրավունքի նորմերին հակասող այս քայլով Վրաստանը ձգտում է ապահովել իր ազգային քաղաքականության շարունակականությունը, երբ հայությունը զանգվածային ձուլման ճանապարհով կարող է լրացնել ու թարմացնել վրացական միջավայրը։ Սակայն Վրաստանի իշխանություններն իրենց ռազմավարական ծրագրերում սխալվելու են, քանի որ կա մի չգրված օրենք, մի ոսկե կանոն, մի աքսիոմ. իր պատմական տարածքի` Հայկական լեռնաշխարհի վրա հայությունն ուծացվում է միմիայն բռնի և դաժան մեթոդներով, ուծացվում է, սակայն հայկականությունը երբեք չի լքում նրան: Համշենահայերն ու ծպտյալ հայությունն Արևմտյան Հայաստանի տարածքում դրա վառ ապացույցն են: Այս գործընթացում կարող է ի հայտ գալ նաև երկրորդ երևույթը, այն է` հակազդեցությունն ուծացման այս քաղաքականությանը: Ջավախքի պարագայում տեղի է ունենում երկրորդ տարբերակը. Վրաստանի այս քայլերը խորացնում են հակասությունները ջավախահայության և պետության միջև: Ջավախքում անհնար է կրկնել Կախեթի կամ Վրաստանի այլ շրջանների օրինակը: Արդյունքում` տարբեր արտաքին ուժեր կարող են տարբեր նպատակներով շահարկել այս վիճակը, ինչն էլ անթաքույց բարձրաձայնում է Վրաստանը: Սակայն այդպիսի ուժերի չեզոքացումն անհամեմատ կարող է հեշտանալ, եթե Վրաստանի իշխանությունները կարողանան իրենց ձեռնարկած քայլերով ջավախահայության դժգոհությունները հասցնել նվազագույնի, ինչպես դա տեղի է ունենում Իրանի ադրբեջանցիների (ատրպատականցիների) պարագայում: Վերջիններս բազմաթիվ թելերով կապված են իրանական պետության և հասարակական կյանքի հետ, ուստի վերջիններիս անհամեմատ դժվար է օգտագործել ընդդեմ Իրանի, որին այդքան ձգտում են ԱՄՆ-ն ու արևմտյան բլոկի մյուս երկրները: Իրանի ադրբեջանցիները, ինչպես և ջավախահայերը, ազգային փոքրամասնություն չեն, իրանական ծագումնաբանությամբ բնիկներ են, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել իրանական պետության և մշակույթի կայացման գործում: Ջավախահայերը, ի տարբերություն իրանական ադրբեջանցիների, ընդհանուր աղերսներ չունեն վրացական ծագումնաբանությամբ ժողովուրդների հետ, սակայն իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել հատկապես հետխորհրդային նորանկախ Վրաստանի կայացման գործում: Բավական է նշել մեկ փաստ միայն, որ, երբ 1991-ի մարտի 17-ին Վրաստանը բոյկոտեց ԽՍՀՄ-ը պահպանելու մասին հանրաքվեն, Աբխազիան ու Հարավային Օսիան չպաշտպանեցին Վրաստանին: Վերջիններս քվեարկեցին ԽՍՀՄ-ը պահպանելու և, այդպիսով նաև` Ռուսաստանից չտրոհվելու օգտին: Այս նույն ժամանակ ջավախահայությունը պաշտպանեց Վրաստանի քայլը` հանդես գալով հատուկ հայտարարությամբ: Ցավոք, այսպիսի «ավանդույթների» շարունակությունը, 2008-ի օգոստոսյան պատերազմի օրերին ջավախահայության դիրքորոշումը լիովին անտեսվում են Վրաստանի ղեկավարության կողմից: Վրացական լրատվամիջոցներում նույնպես որևէ հիշատակում չկա այս ամենի մասին, փոխարենն ամենուր լուտանքներ են ու վիրավորական արտահայտություններ ջավախահայ ակտիվիստների և հասարակ ժողովրդի հասցեին:
Վրացական ղեկավարությունն ի վերջո պարտավոր է ըմբռնել, որ պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ իշխողը կարող է հանդես գալ որպես ազատարար, իսկ նվաճված ու կառավարվող ժողովուրդը կարող է սիրել ու հպարտանալ իր «տիրակալով»: Համաշխարհային պատմության մեջ Հայոց արքա Տիգրան Մեծը կարող է հիանալի օրինակ ծառայել, երբ Մերձավոր և Միջին Արևելքի ժողովուրդները որպես ազատարարի էին դիմավորում արքայից արքա Տիգրանին, իսկ շատերն անգամ նվաճվում էին սեփական կամոք:
Լարվածություն ծնող հաջորդ խնդիրը վարչական մարմիններում հայության ներկայացվածության խիստ անհամամասնությունն է: 2006-ի վրացական պաշտոնական վիճակագրության համաձայն` երկրի ոստիկանների 97 տոկոսն ազգությամբ վրացի է: Սա այն պարագայում, երբ, ըստ վրացական պաշտոնական տվյալների (որը խիստ վիճելի է), երկրի վրացի ազգաբնակչությունը 83 տոկոս է (տվյալները ներկայացված են առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի):
Երկրի տեղական ինքնակառավարման օրենքներով վրացիների հաշվին արհեստականորեն նվազեցված է հայերի թիվը Ջավախքի մունիցիպալիտետների ժողովներում: Սա` ընտրովի մարմիններում, երբ վրացերենի իմացության պահանջն այս դեպքում իր նշանակությունը կորցնում է: Իսկ նշանակովի մարմիններում, երբ հիմնական դերակատարը ոչ թե ժողովուրդն է, այլ պետությունը, ազգային համամասնությունն ամբողջովին խախտված է: Օրինակ, Ծալկա կամ Ասպինձա (Ասպնջակ) քաղաքներում անհնար է գտնել նշանակովի հայ պաշտոնյա, թեպետ այս երկու մունիցիպալիտետներում հայ բնակչությունը համապատասխանաբար 60 և 20 տոկոս է: Հայության 37 տոկոս և վրացիների 62 տոկոս ազգաբնակչության տեսակարար կշռով Ախալցխայի մունիցիպալիտետում նույնպես խիստ անհավասարաչափ է վարչական պաշտոնյաների բաշխումը: Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում օր օրի ավելանում են վարչական ոլորտներում պաշտոններ զբաղեցնող վրացիները, Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում գրեթե բացակայում են հայազգի պաշտոնյաները, երբ, ինչպես նշեցինք, նահանգային մակարդակով հայությունը 55 տոկոս է, վրացիները` 43 տոկոս: Այս տոկոսային հարաբերակցությունը պետք է հանգեցներ նրան, որ Սամցխե-Ջավախքի նահանգապետը, ինչպես նաև նահանգապետարանի աշխատակիցների 55 տոկոսը լինեին հայեր: Այնինչ, 2008-ի վերջից ներկա նահանգապետն ազգությամբ վրացի Լ. Ճկադուան է: Վերջերս նահանգային «Հարավային դարպաս» թերթում կարդացի նրա հարցազրույցը: Տպավորությունն այնպիսին էր, որ լրագրողը խոսում է ոչ թե Ջավախքի նման բարդ նահանգի ղեկավարի, այլ Ախալցխա քաղաքի մի դեռատի վրացուհու հետ, որի կյանքի երազանքն է ունենալ գեղեցիկ Ախալցխա: Լ. Ճկադուայի պատկերացումներում ընդհանրապես տեղ չունեն Ջավախքի հայության խնդիրները, կրկնում եմ, Ախալցխա քաղաքի գեղեցկացումից բացի, նա խնդիր չի տեսնում Ջավախքում: Պարզ է` չգիտի կամ անտեսում է Ջավախքի խնդիրների խորքային պատճառները: Այս երևույթն ինձ հիշեցնում է 1920-ի վերջերի և 1921-ի սկզբների կոմունիստական Հայաստանում առկա վիճակը, երբ երկրի կրթության նախարարն էր Սիբիրից բերված ոմն չինովնիկ, իսկ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն Հայաստան էր «հրավիրվել» Չուկոտյան թերակղզուց: Արդյունքում տեղի ունեցավ հայոց պատմության մեջ իր արժանավոր տեղը զբաղեցնող 1921 թվականի փետրվարյան ապստամբությունը:
Բնավ ոչ պատահաբար Վրաստանի ու Ջավախքի այս իրավիճակը համեմատության մեջ դրեցինք ԱՄՆ-ի հետ: Բոլորին է հայտնի, որ վրացական իշխանավորների շրջանակներում գերակշռում է ամերիկամետ տրամադրվածությունը: Շատերն են իրենց հայտարարություններում գովերգում ամերիկյան վարքուբարքը, օրենքները, իսկ շատերն էլ ԱՄՆ-ն ուղղակի դարձրել են պաշտամունքի սուբյեկտ: Մյուս կողմից` շատ ամերիկացիներ են աշխատում Վրաստանի բարձր ատյաններում` ուղղորդելով Վրաստան պետության նավը: Հայերիս պարագայում ամերիկացիները վրացիներին ուղղորդում են հայտնի ասացվածքի տրամաբանությամբ. «Որդյա՛կս, մի ապրիր այնպես, ինչպես ես եմ ապրում, ապրիր այնպես, ինչպես սովորեցնում եմ քեզ»:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1305

Մեկնաբանություններ